| Ձմեռ պապիկն այցելում է բոլորին
|
 Ուզու՞մ եք տեսնել մանկատան երեխաների ուրախությունը, երբ Ձմեռ Պապիկը այցելում է իրենց... |
Սիրելի բարեկամներ,
Մոտենում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները, երբ հավաքվում ենք միասին` հարազատների ու մտերիմների ջերմությամբ շրջապատված դիմավորելու Նոր տարին, երբ փոքրիկները սպասում են Ձմեռ պապիկի նվերներին...
Իսկ գիտե՞ք, որ կան մանուկներ, ում Ձմեռ պապիկը չի այցելում: Երեխաներ, ովքեր չգիտեն` ինչ է ընտանեկան ջերմությունը: Փոքրիկներ, ում համար Նոր տարին որևէ հրաշք չունի...
Ուզու՞մ եք օգնել` ամանորյա հեքիաթը իրականություն դարձնելու այս երեխաների համար: Ուզու՞մ եք զգալ, որ ինչ-որ տեղ կան երեխաներ, ում կյանքերում ամանորյա հրաշք է տեղի ունեցել` հենց ձեր շնորհիվ:
Դուք նույնպես կարող եք օգնել երեխաներին: Իսկ միասին ամեն ինչ կարող ենք:
Ավելի քան 6 տարի «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը (www.fio.am) կրթական ծրագրեր է իրականացնում մանկատների, հատուկ դպրոցների և կարիքավոր ընտանիքների երեխաների համար: Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում «Ձմեռ պապիկն այցելում է բոլորին» ակցիայի շրջանակներում մենք ամանորյա հյուրասիրություններ և այցելություններ ենք իրականացնում Երևանի ու մարզերի մանկատների, հատուկ դպրոցների և կարիքավոր ընտանիքների երեխաների համար:
Ինչպե՞ս կարող եք մասնակցել դուք.
- դրամական նվիրատվություն կատարել (ընդամենը 1,000 դրամով դուք կարող եք հոգալ մեկ երեխայի ամանորյա հյուրասիրության և նվերի ծախսերը)*
- օգնել մեզ երեխաների համար կազմակերպվող միջոցառումների ժամանակ
- տարածել այս ակցիայի մասին բարի լուրը
* Ինչպես և ամեն տարի, ամանորյա միջոցառումների հետ կապված աշխատանքները իրականացվելու են թափանցիկ և բոլոր աջակիցների համար հասանելի տարբերակով, իսկ աշխատանքների ավարտից հետո հաշվետվություն է տեղադրվելու մեր կայքում (www.fio.am):
Մասնակցելու և լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք դեկտեմբերի 6-ից մինչև 25-ը դիմել`
|
«Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպություն
հասցե` Քաջազնունի 1, 3-րդ հարկ
հեռ.` +[374](10)55-91-26 (14:00-18:00)
կոնտակտային անձ` Սամվել Մովսիսյան +[374](77)62-66-43
էլ.փոստ` sam_movsisyan@yahoo.com
|
|
| Այցելություններ
|
|
«Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում այցելություններ և փոքրիկ հյուրասիրություններ կազմակերպեց մանկատների և հատուկ տիպի դպրոցների երեխաների համար, որոնց նպատակն էր քաջալերել փոքրիկներին, որպեսզի ավելի լավ սովորեն և դառնան օրինակելի քաղաքացիներ:
Երեխաների անսահման ուրախությունն ու ոգևորությունն անհնար է նկարագրել խոսքերով: Կազմակերպության կամավորները ջանք չեն խնայում, որպեսզի մոտիվացնեն երեխաներին, որպեսզի նրանց ուշադրության կենտրոնում միշտ լինեն դասերը, նոր գիտելիքներ ստանալու կարևորության գիտակցումն ու այն համոզմունքը, որ, իսկապես, Հայաստանի ապագան բաց է իր քաղաքացիների կրթվածության, աշխատասիրության ու հավատի շնորհիվ:
|
| Հանդիպում. Ռալֆ Հայնեն
|
|
Սեպտեմբերի 22-ին երեխաները հանդիպում ունեցան Հոլանդացի նկարիչ Ռալֆ Հայնենի հետ: Պարոն Հայնենը պատմեց երեխաներին իր հայրենիքի` Հոլանդիայի մասին: Իսկ որքան զարմացան փոքրիկները` իմանալով նրա յուրօրինակ աշխատանքների մասին, որոնց ներշնչանքի առարկան հայկական անկրկնելի եկեղեցիներն են` առաջին քրիստոնյա երկրի ճարտարապետական գլուխգործոցները: Որքան ոգևորություն կար մանուկների աչքերում, որքան հպարտություն իրենց հայրենիքի հանդեպ, որը կարողացավ ոգեշնչել ու ստեղծագործելու եռանդ հաղորդել նույնիսկ օտարերկյա տաղանդավոր արվեստագետին:
Ռալֆ Հայնենի հետ հանդիպումից երեխաներին մնաց անհուն հայրենասիրության զգացում, հիացմունք` հոլանդացի տաղանդավոր նկարչի հիասքանչ աշխատանքների հանդեպ և համոզմունք այն բանում, որ կրթության և աշխատասիրության միջոցով կարելի է հասնել մեծ բարձունքների:
|
| Ճանապարհորդությունը շարունակվում է
|
|
«Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 13-ից սկսեց իր 7-րդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի կրթական ծրագրերը: Պարապմունքներին, որոնք անց են կացվում յուրաքանչյուր օր (բացառությամբ կիրակի օրվա), մասնակցում են մանկատների/հատուկ տիպի դպրոցների/սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ:
Հրաշալի է տեսնել այս 7 տարիների ընթացքում կրթական ոլորտում կազմակերպության ձեռք բերած հաջողությունները` հայերեն կարդալ չիմացող երեխաներ, ովքեր այսօր գրում և կարդում են, անգլերեն/ռուսերեն չիմացող երեխաներ, ովքեր այսօր կարողանում են կարդալ ու փոքր-ինչ խոսել այդ լեզուներով: Եվ այս հաջողությունների ցանկը կարելի է շարունակել, ինչում ինքներդ կարող եք համոզվել` ձեր մասնակցությամբ:
Այս նոր ուսումնական տարում նախատեսված ծրագրերն արդեն իսկ մեկնարկել են և ունեն իրենց հաջողությունները: Մեր թիմի կամավորներն իրականացնում են ինչպես հումանիտար առարկաների դասընթացներ, այնպես էլ ընդհանուր զարգացման դասաժամեր, սպորտային պարապմունքներ և միջոցառումներ:
Միացեք մեր խմբին, եթե հավատում եք, որ կարող եք ձեր գործողություններով փոխել անգամ մեկ երեխայի ապագան: Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք...
|
| Ամառային ծրագրեր
|
|
«Ապագան Բաց է» կրթական ՀԿ-ի ամառային ծրագրերի շրջանակներում հունիսի
27-ին 70-ից ավել մանկատների ու հատուկ դպրոցների սաների, ինչպես նաև
կույր երիտասարդների համար կազմակերպվեց հերթական այցելությունը դեպի մեր
հայրենիքի տեսարժան վայրեր:
Շնորհակալություն ենք հայտնում իրենց ժամանակն ու եռանդը մեր փոքրիկ
քույրերի ու եղբայրների լիարժեք զարգացմանը նվիրաբերող մեր կամավորներին
ու աջակիցներին. այս ամենը հնարավոր է միայն ձեր
շնորհիվ:
Ուզու՞մ եք մասնակցել կամ աջակցել մեր միջոցառումներին. խնդրում ենք կապ
հաստատել մեզ հետ.
էլ. փոստ՝ info@fio.am
հեռախոս՝ (374-10) 55-91-26 (14:00-18:00)
Գոշավանք
կույր երիտասարդները կարդում են Բրայլյան նշանագրերով տեղեկատվական վահանակները
|
| Արժանի քաղաքացիներ
|
|
Պատկերացնու՞մ եք՝ ինչ է նշանակում հիասթափված ու վիրավորված երեխային
սեր և ջերմություն փոխանցել: Նրան հույս է անհրաժեշտ: Նրան պետք է
համոզել, որ ինքն արժանի է և կարող է ավելին:
Պատկերացնու՞մ եք այն երիտասարդ կամավորի վիճակը, ով փորձում է օգնել այդ
երեխային... ով պետք է հաղթահարի երեխայի անվստահությունն ու
անտարբերությունը, օգնի նրան գիտելիք ձեռք բերել, և ապացուցի, որ ապագան
իսկապես բաց է նրա համար:
Սակայն այս ամենը մեծ արժեք ունի, որովհետև այդ բարդ, նուրբ ու երկարատև
գործընթացի արդյունքում ավելանում է ևս մեկ արժանի քաղաքացի մեր
հայրենիքում:
|