«Օգնենք Երեխաներին» ծրագրի հայոց լեզվի գրականության ամբիոնի նպատակը հայկական մանկատներում լեզվական մակարդակի բարձրացումն է: Լրացուցիչ պարապմունքների շնորհիվ ցանկանում ենք, որպեսզի երեխաները խորությամբ յուրացնեն քերականությունը ( ձեւ աբանություն եւ շարահյուսություն ), ստանան ոճաբանական գիտելիքներ, զարգացնեն իրենց գրավոր եւ բանավոր խոսքը,ավելի խորությամբ ուսումնասիրեն հայ գրականության դասականներին: Հատուկ ուշադրության են արժանանալու ստեղծագործող երեխաները, կազմակերպվելու են հանդիպումներ ժամանակակից գրողների եւ գրականագետների հետ: Լինելու են միջոցառումներ, հանդեսներ եւ բեմադրություններ: Տարվա վերջի միջոցառմամբ էլ կամփոփվի ուսումնական տարին:
Չորսամյա այս ծրագիրը նախատեսում է հայոց լեզու եւ գրականություն առարկաներից լրացուցիչ պարապմունքներ հետեւյալ կարգով.
1. Հայոց լեզվի քերականության համակարգերի խորացված ուսուցում:
ա) խոսքի մասեր (ցածր դասարանների համար)
բ) պարզ եւ բարդ նախադասություններ
գ) կետադրություն
2. Ոճաբանական որոշ գիտելիքներ
ա) շարադրություն (գրավոր խոսքի զարգացում)
բ) խոսքի կուլտուրա ( բանավոր խոսքի զարգացում)
3. Դասական եւ ժամանակակից հեղինակների որոշ ստեղծագործությունների խորացված ուսումնասիրություն.
ա) ընթերցանության համար նախատեսված գրականության հանձնարարում ու ստուգում՝ երեխաների մեջ վերլուծական ունակություններ, բանավոր խոսքը զարգացնելու, ինչպես նաեւ ընթերցասիրություն առաջացնելու նպատակով:
բ) հանդիպումներ ժամանակակից գրողների, գրականագետների հետ:
գ) յուրահատուկ աշխատանք ընդունակ եւ ստեղծագործող երեխաների հետ:
4. Յուրահատուկ աշխատանք թույլ երեխաների հետ՝ նրանց գրելու, կարդալու, խոսելու ունակությունները հնարավորինս զարգացնելու նպատակով: